25 սեպտեմբերի 2015 - 12:10 AMT
Հեյգել. Ռուսաստանի առաջարկներն ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ արժանի են ուշադրության

Ռուսական առաջարկներն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի մասին պետք է մանրակրկիտ կերպով քննարկվեն ՄԱԿ ԱԽ անդամների կողմից, հայտարարել է Պենտագոնի նախկին ղեկավար Չակ Հեյգելը Sputnik-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ցանկացած առաջարկություն կամ խորհուրդ, որ բխում է ՄԱԿ ԱԽ անդամից, պետք է լրջորեն ընկալվի»,-ասել է Հեյգելը, որը մինչ փետրվար ամիսը գլխավորում էր ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովը հայտարարեց, որ Մոսկվան քննարկում է արտերկրի գործընկերների հետ ԻՊ դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ իր առաջարկների առանձին դրույթները, մասնավորապես, ուժի կիրառումն ըստ ՄԱԿ ԱԽ թույլտվության և այն երկրների կառավարությունների որոշման, որոնց տարածքում են իրականացվում ահաբեկչական գործողությունները: Ռոգաչովը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է «գործընկերների լայն շրջանակի հետ քննարկել ԻՊ և մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ լեգիտիմ ներկայացուցչական միջազգային կոալիցիա ստեղծելու հնարավորությունը»:

Հունիսի վերջում ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն առաջարկեց Սիրիայի ղեկավարությանը և տարածաշրջանի երկրներին, այդ թվում` Թուրքիային, Հորդանանին և Սաուդյան Արաբիային, միավորվել ԻՊ դեմ պայքարում:

Ռուսաստանը պատրաստ է նպաստել երկխոսության հաստատմանը երկրների միջև: ԱՄՆ-ն մտադիր է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը, ուստի դեմ է նրան ցանկացած օգնության հարցում: Ռուսաստանն իր հերթին բազմիցս է կոչ արել «միջազգային կոալիցիային» համագործակցել Սիրիայի ղեկավարության հետ ՄԱԿ ԱԽ հովանու ներքո ԻՊ դեմ պայքարում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական պետության» գրոհից հետո Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Photo. AP