ՔԱԿ զինյալների հարձակում Թուրքիայում. 2 զինվորական սպանվել է, 9-ը` վիրավորվել

ՔԱԿ զինյալների հարձակում Թուրքիայում. 2 զինվորական սպանվել է, 9-ը` վիրավորվել

PanARMENIAN.Net - 2 թուրք զինծառայող է սպանվել և 9 վիրավորվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հարձակումների հետևանքով երկրի հարավարևելյան Շիրնակ գավառում: Այս մասին ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Անջատողական ՔԱԿ կազմակերպության ահաբեկիչները 2 զինված հարձակում են գործել մեր զինակից եղբայրների վրա Շիրնակ գավառում: 2 զինվորական զոհվել է, 9-ը` վիրավորվել: Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, գրոհել են անօդաչու սարքերով և ուղղաթիռներով: 34 գրոհային վնասազերծվել է: Գործողությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

Մինչդեռ Անկարայում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով Reuters-ը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է առանցքային դերակատարություն ստանձնել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում, սակայն փոխարենն ակնկալում է քուրդ ապստամբների դեմ դիմակայության ըմբռնում: «Թուրքիան կկիսի իր փորձը արևմտյան առաջնորդների հետ` աջակցություն ակնկալելով, որպեսզի կարողանա դիմակայել Մերձավոր Արևելքն ահաբեկչություն արտահանող տարածաշրջանի վերածմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---