Ոչնչացվել են ադրբեջանական հենակետն ու հակառակորդի 5 զինվոր

Ոչնչացվել են ադրբեջանական հենակետն ու հակառակորդի 5 զինվոր

PanARMENIAN.Net - Panorama.am-ի տեղեկություններով, ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողի: Հակառակորդի ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին,ևս երկու գյուղացի վիրավորվել: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածվեց, որտեղ ասվում է, որ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ ԶՈւ-ն դիմելու է համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ն սեպտեմբերի 25-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մեր նվաճած զինադադարի օրերին զոհվեցին տարեց մարդիկ, ու նաև զոհվեցին և վիրավորվեցին ականակոծումների ընթացքում նրանց կողքին մնալով նրանց փրկել փորձողները, այդ թվում նաև երիտասարդ մայր: Մենք լավ ենք հիշում ինչպես պատերազմի անմեղ զոհերին, այնպես էլ այն դառը, բայց արդար պատասխանը, որը տվեցինք արյան դիմաց: Մենք եղել ենք բանակի ստեղծման ակունքներում, միշտ կանգնած ենք եղել Հայկական բանակի կողքին, և ՀՀ պաշտպանության նախարարության հայտնի հայտարարությունն ընդունում ենք որպես հրաման: Եվ այսօր, հատուցումից վախենալով դատարկվող իր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին որպես վահան օգտագործող ադրբեջանական բանակին հիշեցնում ենք մինչև 1994 թվականի մայիսն ու հետո մեր հանդիպումների մասին և պարզ ասում ենք, որ ամեն ինչ, այդ թվում նաև մեր համբերությունը, սահման ունի: Իսկ երբ համբերությունը սպառվում է, սկսվում է ցասումը:

Սեպտեմբերի 24-ին դուք վերստին վերածվեցիք մարդասպանների, և պարզ ասում ենք, որ հաջորդ անգամ ոչ թե ձեր արձակած գնդակներն ու ականներն են գտնելու պատերազմի ժամանակ Հայաստանի հողը պաշտպանած մեր խաղաղ բնակիչներին, այլ մենք, Հայկական բանակի զինվորների հետ միասին, վերստին հանդիպելու ենք ձեզ: Ուստի, հորդորում ենք ոչ թե ընդամենը զգույշ լինել, այլ սթափվել»:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---