Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանը

Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանն ու արդեն ձեռք բերված որոշումների իրականացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն առաջացավ ճշտելու մոտեցումներն ու համոզվելու, թե ինչ կարող ենք անել բացի արդեն ձեռնարկված քայլերից` առաջ տանելու համար ղարաբաղյան կարգավորումը»,- ասել է Լավրովը` բացելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումը:

«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այդ գործընթացին, խոսելու լինենք ֆրանսիական, թե ամերիկյան նախաձեռնություններից, թե անդրադառնանք Ռուսաստանի ջանքերին, հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

«Հայաստանը համաձայն է քննարկել մեխանիզմի մանրամասները, կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել», - ասվում է հայտարարությունում:

Համանախագահները նաև քննադատեցին հրետանու կիրառումն ու կոչ արեցին կողմերին իրագործել երկու երկրի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---