28 սեպտեմբերի 2015 - 18:09 AMT
ԵԽԽՎ նախագահ. ԼՂ հարցում պետք է ճնշում գործադրենք կողմերի վրա

Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրման հարցին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանն իր վերջին գործողություններով փորձում է միջազգային հանրության ուշադրությունն իր ներքին խնդիրներից շեղել դեպի սահմանագիծ, Բրասյորը ասել է.

«Եթե նայեք մամուլը, ապա առաջին էջերին կտեսնեք Ուկրաինան։ Այժմ միգրացիոն խնդիրն է։ Ամեն անգամ մենք ունենք նոր ճգնաժամ, որը գլխավերևում է, իսկ մյուսներն անհետանում են։ Սակայն սա չի նշանակում, որ հակամարտությունն է անհետացել։ Նույնը Լեռնային Ղարաբաղի դեպքում է։ Իսկապես մտահոգիչ է այն, որ բռնությունն աճում է։ Սա հակամարտություն է, իսկ բռնությունը չի կարող լինել պատասխան։ Ես կցանկանայի, որ մամուլն ավելի շատ խոսի այս մասին, քանի որ մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց՝ իսկապես ճնշում գործադրելով 2 կողմերի վրա՝ համաձայնության և լուծման հասնելու համար»:

Վեհաժողովի նստաշրջանում ԵԽԽՎ նախագահը նաև խստագույնս քննադատել է Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, գրում է Panorama.am-ը:

«Մարդու իրավունքների վիճակն այս երկրում վատթարանում է։ Մենք վերջերս քննադատեցինք Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի և Խադիջա Իսմայիլովայի դատապարտումը։ Առկա է նաև Իլգար Մամադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը, որ նա պետք է ազատ արձակվի, սակայն դատարանի վճիռը չի կատարվում։ Մենք իսկապես պետք է ստիպենք Ադրբեջանի իշխանություններին՝ փոխել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ մոտեցումը», - ասել է Բրասյորը:

Նույն օրն ԵԽԽՎ-ում տեղի է ունենալու Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողությունը, որն արդեն կլինի 3-րդը։ Բրասյորը հիշեցրել է նախորդ երկու մրցանակակիրներին։ Վացլավ Հավելի առաջին մրցանակին արժանացավ Բելառուսում այդ ժամանակ ազատազրկված ակտիվիստ Ալես Բիալիացկին, ով արդեն ազատության մեջ է։ Երկրորդ մրցանակը նախորդ տարի տրվեց ադրբեջանցի իրավապաշտպան, ներկայումս բանտարկված Անար Մամադլիին։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանը ներկայացրել է որպես «օկուպանտ» երկիր:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը տեղեկացրել է, որ ավելի ուշ ելույթ է ունենալու և ԵԽԽՎ ամբիոնից անդրադառնալու է սահմանային լարվածության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, գրում է Aysor.am-ը:

Անդրաառնալով Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրմանը՝ հայաստանյան պատվիրակության անդամն նկատել է. «Իրենք միշտ էլ նույն կեղծ գործելաոճով են զբաղված և փաստերի խեղաթյուրումն իրենց մոտ պետական քաղաքականություն է»:

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (24 արկ):

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ):

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: