Վարչապետը շարունակում է հետևել խաղողի մթերմանը. Գյուղացիները չեն դադարում բողոքել

Վարչապետը շարունակում է հետևել խաղողի մթերմանը. Գյուղացիները չեն դադարում բողոքել

PanARMENIAN.Net - Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին:

Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում:

Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Կառավարության ղեկավարը: Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու:

Միաժամանակ, Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանն՝ անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, սել է, թե հարցը միայն առաջացող հերթերն են, գրում է Tert.am-ը:

«Սուտ են այն խոսակցությունները, թե խաղողը գյուղացիներից չեն մթերում խոստացված գումարով»,- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ մթերումն իրականացվում է տարբեր գներով՝ 130, 140, 150 մեկ կիլոգրամի դիմաց:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության՝ հանրապետությունում խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը շարունակում է գտնվել վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---