Digitec Expo-ում կցուցադրվի հայկական արտադրության վիրտուալ իրականության ակնոցը

Digitec Expo-ում կցուցադրվի հայկական արտադրության վիրտուալ իրականության ակնոցը

PanARMENIAN.Net - Հայկական ARLOOPA ընկերությունը «Անտարես» հրատարակչության հետ համատեղ Երևանում կայանալիք ամենամյա Digitec Expo ցուցահանդեսում կներկայացնի վիրտուալ իրականության ARLOOPA cardboard ակնոցը: Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը:

Վիրտուալ իրականության ակնոցը թույլ է տալիս մասնակիորեն ընկղմվել վիրտուալ իրականության աշխարհի մեջ` ստեղծելով ներկայության դիտողական և ակուստիկ էֆեկտ տվյալ համակարգչային տարածքում: Ընդ որում շրջակա միջավայրը գործնականում չի ընկալվում:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արման Աթոյանը հայտնել է, որ ակնոցին կարելի է միացնել սմարթֆոնն ու հատուկ խաղեր խաղալ վիրտուալ իրականության մեջ: Ցուցահանդեսի այցելուները կկարողանան փորձարկել ակնոցը իրենց սմարթֆոնների օգնությամբ` դրա համար ցանկալի է նախապես վիրտուալ իրականության գործառույթով խաղեր ներբեռնել Google Play Store և Apple App Store ինտերնետ խանութներից:

Ցուցահանդեսի այցելուները նաև եզակի հնարավորություն կունենան ձեռք բերել ակնոցը ընդամենը 5000 դրամով: ARLOOPA-ի ստենդը կտեղադրվի «Երևան Էքսպո» համալիրի երրորդ հարկում: Հետագայում, հնարավոր է, ակնոցը վաճառքի հանվի նաև էլեկտրոնիկայի խանութներում:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը։ Ակնկալվում է, որ ԴիջիԹեք Էքսպո 2015-ին կմասնակցի 130 տեղական և միջազգային ընկերություն և մոտ 40.000 այցելու:

Դրան կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելառուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Բացի այդ, սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցը: Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը 2014-ին մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի:

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

«Այս տարի ԴիջիԹեքն առանձահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Էքսպոյով հետաքրքրված են նաև իրանական ընկերությունները, որոնք Հայաստանը դիտարկում են նաև որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ:

Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի մոտ 70 կազմակերպություն, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---