30 սեպտեմբերի 2015 - 10:46 AMT
Մոսկվան հերքում է Զեյնալովի արտահանձնումն Ադրբեջանին

ՌԴ-ն հերքում է 2013 թ. Մոսկվայի Բիրյուլովո շրջանում Եգոր Շչերբակովի դաժան սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Օրհան Զեյնալովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ տեղեկությունները, հայտնում է Gazeta.ru-ն:

Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտեց Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում Եգոր Շչերբակովի միտումնավոր սպանության համար: Դատավոր Նիկոլայ Տկաչուկը մասամբ բավարարեց տուժածի հոր քաղաքացիական հայցը և դատապարտյալից որպես փոխհատուցում գանձեց 3 մլն ռուբլի:

Ավելի վաղ նման տեղեկություններ էին հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնել էր Vesti.Az-ը, այդ մասին Modern.az-ին է հայտնել Զեյնալովի հայրը` Զախիդ Զեյնալովը: Ըստ նրա, այժմ պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը: «Շնորհակալություն Մուբարիզ Ղուրբանլիին, նա ինձ լավ դիմավորեց: Մեքն դիմում ենք ներկայացրել և փաստաթղթերն ենք պատրաստում: Նա հենց սկզբից խոստացել էր օգնել այս հարցում և կատարեց խոստումը»,-ասել է նա:

«Մինչ օրս Օրհան Զեյնալովին Ռուսաստանից Ադրբեջան արտահանձնելու մասին միջնորդություն Ռուսաստանի արդարադատության նախարարությունը չի ստացել: Ուստի նշված հարցը չի քննարկվում ՌԴ արդարադատության նախարարությունում»,-հայտնում է ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

2014-ի նոյեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը օրինական համարեց ադրբեջանցի Օրհան Զեյնալովի դատավճիռը: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտավ: Դատախազը խնդրել է անփոփոխ թողնել դատավճիռը, քանի որ «Զեյնալովն իր գործողություններում չի առաջնորդվել որևէ լուրջ դրդապատճառով, քանի որ Շչերբակովի կողմից նրան ոչինչ չէր սպառնում»: Որոշում կայացնելիս դատավորը խոստովանել է, որ մեղադրյալը կարող է ուղղվել միայն պատիժը կրելով խիստ ռեժիմի գաղութում: Դատավճռի հրապարակումից հետո դատավորը հետաքրքրվել է, թե հասկանլի է արդյոք դատավճիռը մեղադրյալի համար, վերջինս պատասխանել է. «Անհասկանալի է, ես անմեղ եմ»:

Ինչպես ասվում է դատավճռում, ամբաստանյալի մեղքը հաստատել են վկաների ցուցմունքները, բանակցությունների վերծանումը, դիտարկման տեսախցիկի տեսագրությունը, փորձագետների եզրակացությունները: Դատավորը նաև եկել է այն եզրակացության, որ Զեյնալովի գործողությունները միտված էին Շչերբակովի սպանությանը, այլ ոչ թե ինքնապաշտպանական բնույթ էին կրում, ինչպես պնդում էին մեղադրյալն ու նրա պաշտպանությունը: Դատարանը հաշվի է առել, որ Շչերբակովը հանդիպել է Զեյնալովին այն բանից հետո, երբ կինը, որին վերջինս հետապնդում էր, կարողացել է թաքնվել շենքի մուտքում: Միևնույն ժամանակ դատապարտյալի հարազատները բնութագրել են նրան որպես շուտ բռնկվող և բռնության հակում ունեցող անձի: Դա հաստատել է նաև հոգեբանական փորձաքննությունը:

Եգոր Շչերբակովի սպանությունը կատարվել է 2013 թ. հոկտեմբերի 10-ին: Ըստ քննության, գիշերը ժամը 2-ին մոտ Եգոր Շչերբակովը տուն էր վերադառնում ընկերուհու հետ: Շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Շչերբակովը, նրան է մոտեցել մի անհայտ տղամարդ, որը վիրավորել է աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Շչերբակովը դանակով հարված է ստացել սրտի շրջանում: Հարձակվողը փախուստի է դիմել և հեռացել է հանցագործության վայրից:

Թաղամասի բնակիչների շրջանում անկարգությունների ալիք բարձրացավ: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Վրդովված մարդիկ ջարդեցին բազայի դարպասները, վնասեցին սառնարանները, կոտրեցին կայանած մեքենաները, ջախջախեցին ձմերուկների առևտրի տաղավարը:

Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման ենթարկեցին Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի էին խոստացել ՆԳՆ-ում:

Photo. RIA Novosti