30 հոկտեմբերի 2006 - 16:31 AMT
Ղարաբաղյան հակամարտության «հալեցումն» անխուսափելի է
Հարավային Կովկասի դրությունն անչափ անկայուն է, դա ինչ-որ անկայուն հավասարակշռություն է, հավասարակշռություն` պատերազմի եւ խաղաղության եզրին, ինչը չի կարող երկար շարունակվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքերով, դեռեւս կա որոշակի ռազմական եւ տնտեսական հավսարակշռություն տարածաշրջանի երկրների միջեւ, ինչպես նաեւ հիմնական խաղացողների` համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների անկարողությունը սեփական քաղաքականություն վարելու հարցում` առանց գործընկերներին հետեւելու: «Շնորհիվ այս գործոնների, ինչպես նաեւ պահպանվող իներցիոն կայունության, տարածաշրջանում դեռ խաղաղություն է: Ցավոք, այդպիսի «անկայուն» իրադրությունը չի կարող հավերժ լինել: Առավել եւս, որ այն շատերին այլեւս ձեռնտու չէ»,- նշել է ռուս քաղաքագետը: Օրինակ, նշել է Ալեքսանդր Սկակովը, ներկա կայունությունը եւ «ստատուս-քվո»-ի պահպանումը ձեռնտու չեն Վրաստանին, Ադրբեջանին, ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: «Եւ հակառակը, դրա պահպանման մեջ շահագրգռված են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, տարածաշրջանի չճանաչված պետությունները: Տարածաշրջանի «հալեցման» մեջ հետաքրքրված ուժերը բավականին ազդեցիկ են, իսկ նրանց գործողությունները, ինչպես կարելի է նկատել, ավելի ու ավելի համառ են դառնում: Սխալ կլիներ կարծել, որ կարելի է «հալեցնել» հակամարտությունները եւ պահպանել տարածաշրջանի կայունությունը: Ղարաբաղյան հակամարտության «հալեցումն» անխուսափելի է, ինչպիսին էլ լինի դրա ավարտը, եւ դա կսաստկացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները, վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների «հալեցումը» ոչ միայն սպառնում է ռուս-վրացական հարաբերությունների հետագա վատթարացմամբ, այլեւ ռիկոշետով կդիպչի տարածաշրջանի այլ երկրներին: Այդպիսով, տարածաշրջանի «հալեցումը» վտանգավոր է, անցանկալի, սակայն լրիվ հավանական, եւ դրան պետք է պատրաստվել: Ավելին, ինչպես ինձ է թվում, մեր ցանկություններից եւ մեր ջանքերից անկախ, ինչ-որ մի պահի այդ «հալեցումը» անխուսափելի կդառնա»,- ընդգծել է ՌՌՀԻ ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար: