30 սեպտեմբերի 2015 - 12:48 AMT
Աղբյուր. Twitter-ը մտադիր է վերացնել 140 նիշի սահմանափակումը թվիթերի համար

Միկրոբլոգերի Twitter ծառայությունը նոր պրոդուկտ է մշակում, որը թույլ կտա հանրային հաղորդագրություններ հրապարակել առանց 140 նիշի սահմանափակման: Այդ մասին միանգամից մի քանի աղբյուր է հայտնել ընկերությունից, գրում է Re/code ռեսուրսը:

Օգոստոսի կեսին Twitter-ը վերացրեց 140 նիշի սահմանափակումն անձնական հաղորդագրությունների համար: Ծառայության թիմը հայտարարեց, որ այժմ օգտատերերը կարող են անձնական հաղորդագրություններ ուղարկել` չգերազանցելով 10.000 նիշը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա նոր ծառայությունը, սակայն աղբյուրները պնդում են, որ օգտատերերը կկարողանան սոցցանցում երկար հաղորդագրություններ գրել: Ընկերության սեփականատերերը քննարկում են նաև, թե ինչպես պետք է Twitter-ը հաշվի նիշերի քանակը, արդյոք կբացառվեն հղումներն ու պատկերները:

Լրագրողներն այս «մեղմացումը« կապում են ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ջեկ Դորսիի հաճախորդների բազան ընդլայնելու ցանկության հետ, որը հիմա ունի մոտ կես միլիարդ գրանցված աքաունթ և 140 մլն ակտիվ օգտատեր:

Դորսին նախկինում հայտարարել էր, որ Twitter-ից դժվար է օգտվել, ծառայությունը լճացել է և պետք է զարգանա` ավելի մեծ լսարան ապահովելով: Նիշերի քանակի սահմանափակումը Twitter-ի առանձնահատկությունն էր 2006-ին շուկա դուրս գալուց ի վեր:

2015-ի ապրիլի 7-ից Twitter-ը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս ռեթվիթի դեպքում հաղորդագրություններ հրապարակել մինչև 116 նիշով: Ծառայության մասնագետները ընդառաջեցին օգտատերերին, որոնք բողոքում էին նիշերի սահմանափակ քանակից ռեթվիթի համար սեփական մեկնաբանությունը գրելիս:

Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում է ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում է հիմնադիրներից մեկը` Ջեկ Դորսին:

Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է: