30 սեպտեմբերի 2015 - 14:43 AMT
Օլանդը հորդորում է հետևել, որ ղարաբաղյան գոտում այսուհետ միջադեպեր չլինեն

Ֆրանսիան հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որ այսուհետ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չլինեն: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ ԳՎ հոբելյանական նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Օլանդը պատասխանել է հայ լրագրողի հարցին «Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին ակտերի մասին» հարցին: Նա ասել է, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան մի կառույցի համանախագահն է, որի նպատակն է գտնել այդ հակամարտության հանգուցալուծումը, որն արդեն բազում զոհերի պատճառ է դարձել պատերազմի տարիներին և դրանից հետո, հայտնում է Armenia Today-ը:

«Ուստի խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որպեսզի այսուհետ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չլինեն: Մենք ջանքեր ենք գործադրում շարունակելու համար մեր միջնորդությունը: Դուք գիտեք, որ բոլորովին վերջերս եմ եղել Հայաստանում, նաև Ադրբեջանում, այս նույն միտքն արտահայտելու և կոչ անելու համար, որպեսզի կարողանանք գտնել այս հակամարտության կայուն հանգուցալուծումը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանում, հայտարարեց, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: «Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում:

Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը:

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»,- ասել է նախագահը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց` այդ թվում մոտ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (24 արկ):

Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: