Յուրի Խաչատուրով. Հակառակորդը լուրջ կորուստներ ունի

Յուրի Խաչատուրով. Հակառակորդը լուրջ կորուստներ ունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Գեներալ-գնդապետի ներկայացմամբ, միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։

«Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշել է Գլխավոր շտաբի ղեկավարը:

Նա համեմատություն է անցկացրել և ասել, որ Հայաստանի Զինված ուժերը ի տարբերություն ադրբեջանական բանակի, չի գնդակոծում գյուղերը, չի սպանում խաղաղ բնակիչներ:

Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ըստ պաշտոնյայի, այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում բնակիչների հետ, տեղեկանում իրավիճակի մասին ու հայտնում ձեռնարկվող միջոցառումների մասին։ Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ սահմանային միջադեպերը բացառել հնարավոր չէ, քանի հակառակորդը ականանետեր է օգտագործում:

ԶՈւ Գլխավոր շտաբի պետի խոսքով, հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս է առաջարկել հետ քաշել դիպուկահարներին սահմանից, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել:

Հարցին, թե մտահոգիչ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում, ի պատասխան Յուրի Խաչատուրովը նկատեց, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:

«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- ավելացրել է Խաչատուրովը:

Սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներից երկուսի վիճակը ծանր կայուն է: Այս մասին ասել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհեր և 1994-ի մայիսից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի օգտագործեց, ինչպես նաև առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---