30 հոկտեմբերի 2006 - 18:10 AMT
Ա.Ղուկասյանը հուսով է, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին մոտ ժամանակներում իրական կդառնա
Լեռնային Ղարաբաղը պարտավոր է լավատես լինել դիմակայության կարգավորման հարցում: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի նախագահ, ԼՂՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար Արկադի Ղուկասյանը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր զորքային պլանային զորավարժությունների ավարտին: «Մենք պարտավոր ենք լավատես լինել, քանի որ եթե կորցնենք հավատը բանակցային գործընթացի հանդեպ, այլընտրանքը կլինի պատերազմը, որը ցանկալի չէ ոչ մեր, ոչ Ադրբեջանի համար: Բնական է, մենք բոլորս շահագրգռված ենք շարունակել բանակցությունները»,-ասել է նա` պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին: «Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա այսօր իմաստ չունի խոսել դրանց մասին, քանի որ համաձայնագիրը կարող է ընդունվել այն ժամանակ, երբ համաձայնեցված են բոլոր կետերը: Նման բան դեռեւս չկա: Եվ որքան շատ են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում, այնքան լավ, քանի որ յուրաքանչյուր նոր հանդիպում այն կետերը համաձայնեցնելու նոր շանս է, որոնց շուրջ փոխհամաձայնություն չկա»,-ասել է ԼՂՀ նախագահը: Ընդ որում ղարաբաղյան պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակացություններին մոտ ապագայում առավել իրական կդառնա: «Մենք բազմիցս նշել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության անհնար է լուծել խնդիրը, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին են վերաբերում»,-նշել է նա: Իսկ Ղուկասյանն ընդգծել է, որ ղարաբաղյան կողմի դիրքորոշումը «չի փոխվել եւ չի փոխվի»: «Մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում: Մենք չենք հրաժարվի մեր անկախությունից եւ ցանկացած խոչընդոտումը այդ հարցում մեզ համար անընդունելի է»,-հայտարարել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: