Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԻՊ շտաբը և զինամթերքի պահեստը Սիրիայում

Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԻՊ շտաբը և զինամթերքի պահեստը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՌԴ ՌՕ ուժերը ութ մարտական թռիչք են կատարել հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Ռուսական ավիացիան ոչնչացրել է ահաբեկիչների կենտրոնակայանն ու զինամթերքի պահեստը սիրիական Իդլիբից ոչ հեռու` հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» օբյեկտներին, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը:

«Ոչնչացվել են ահաբեկչական կազմավորումներն ու զինամթերքի պահեստը Իդլիբի շրջանում, ինչպես նաև գրոհայինների հրամանատարական կետը, որը երեք մակարդակ ուներ Համա բնակավայրի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն տվեց Սիրիայում ՌԴ ԶՈւ կիրառման մասին Վլադիմիր Պուտինի դիմումին, որից հետո ՌԴ օդուժը գործողություն սկսեց` կետային հարվածներ հասցնելով ԻՊ ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Ռուսաստանը գործի է դնելու միայն ավիացիան` բացառելով ցամաքային գործողության հնարավորությունը և գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է մեր երկրի ղեկավարությանը` խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել: Այսպիսով, հարկ է արձանագրել, որ, անշուշտ, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, սակայն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է լրագրողներին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից: Նման հայտարարություն արեց ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին:

Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմն, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ Դամասկոսը մտահոգություններ չունի Սիրիայում ՌԴ գործողությունների հարցում: Նա հավելել է, որ քննարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ռուսական օդուժի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայում: «Այո, մենք քննարկել ենք այդ հարցը»,-ասել է նա և հավելել, որ գործողությունը դեռ նոր է սկսվել «և վաղ է ինչ-որ բանի մասին խոսել»: «Ռուսաստանի բոլոր գործողությունները համաձայնեցված են սիրիական կողմի հետ»,-ասել է նախարարը:

Մինչդեռ Սաուդյան Արաբիան կոչ է արել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա ալ Մուալլիմի, այն վայրերում, ուր հասցվել են առաջին ավիահարվածները, ԻՊ գրոհայիններ չկան:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---