Սեպտեմբերին հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 4000 անգամ` արձակելով ավելի քան 60.000 կրակոց

Սեպտեմբերին հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 4000 անգամ`  արձակելով ավելի քան 60.000 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ և պատժիչ գործողությունների:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Ի դեպ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր զինատեսակներից, այդ թվում նաև 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրետանային միջոցներից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էԱդրբեջանի զինված ուժերի կողմից, թերևս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են: Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու և մատնացույց անելու հերթական առիթ:

Հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել, իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---