Անկարան բողոք է հայտնել ՌԴ դեսպանին` Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար

Անկարան բողոք է հայտնել ՌԴ դեսպանին` Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչների կողմից այդ երկրի օդային տարածքը խախտելու համար: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Յայլադաղի քաղաքի շրջանում Հաթայ գավառում, որը սահմանակից է Սիրիային: Դա արձանագրել են Թուրքիայի ՌՕՈւ երկու F-16 կործանիչները, որոնք պարեկում են այդ շրջանը:

Մոսկվային հասցեագրված Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ կոչ է արվում զերծ մնալ նման գործողություններից: Ասվում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ` Անկարայի տեսակետը միջադեպի վերաբերյալ հայտնելու համար: Նա նաև տեղեկացրել է միջադեպի մասին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին:

Հոկտեմբերի 1-ին ՌԴ ՌՕ ուժերը սկսել են կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին Սիրիայում: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2 օրում ռուսական ավիացիան խոցել է ահաբեկիչների կենտրոնակայանը, պայթուցիկի արտադրության գործարանը, մարզչական ճամբարն ու մի շարք օբյեկտներ: Թիրախներն ընտրվում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզության: Ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների խոցման համար, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին կտրոկ բացասական վերաբերմունք ունի Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին: Նա հայտարարել է, որ Թուրքիայի տեսակետից սիրիական տարածքի ռմբակոծումը ՌԴ կողմից կտրականապես անթույլատրելի են:

Ֆրանսիա մեկնելուց առաջ Էրդողանը շփվել է լրագրողների հետ: Ըստ նրա, ՌԴ-ն և Իրանը պաշտպանում են Սիրիայի նախագահ Ասադին, որը «մեղավոր է պետական ահաբեկչության համար», հայտնել է TRT-ն:

«Ոմանք դժգոհ են, որ մենք խոսում ենք դրա մասին: Սիրիական ռեժիմի հետ համագործակցող երկրները պատասխան կտան պատմության առջև»,-ասել է Էրդողանը, հայտնում է Ռոսբալտը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների առնչությամբ և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում և մտահոգություն եմ հայտնելու այդ հարցի վերաբերյալ: Քանի որ մեր երկրները բարեկամ երկրներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»,-ասել է նա Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Կողմերը «քննարկել են գործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մտավախությունները Սիրիայում ՌԴ գործողությունների կապակցությամբ»:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---