6 հոկտեմբերի 2015 - 11:59 AMT
Adobe-ը բջջայիններում լուսանկարների արագ մշակման հավելված է ներկայացրել

Adobe ընկերությունը մշակել և ներկայացրել է Photoshop Fix հավելվածը, որը նախատեսված է բջջային սարքերում լուսանկարների արագ մշակման համար:

Photoshop Fix-ը թույլ է տալիս արագ հեռացնել լուսանկարից «ավելորդ» տարրերը` էլեկտրահաղորդիչ գծերը, դեմքին ընկած մազերը, մանր ցուցանակները և այլն: Բացի այդ, հավելվածն ունի Healing Brush և Liquify գործիքները, որոնք հաճախ օգտագործվում են լուսանկարների տարբեր տարրերի շտկման համար:

Հավելվածը կներդաշնակեցվի օգտատերի աքաունթի հետ Adobe Creative Cloud-ում և թույլ կտա լուսանկարի հետագա մշակումն իրականացնել Adobe-ի մյուս ծրագրերում: Գործիքն անվճար է, սակայն Creative Cloud-ի հավելվածների հետ ներդաշնակեցվելու համար հարկ կլինի բաժանորդագրվել ծառայությանը: Այժմ հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար:

Համակարգչային ոլորտի գիտնականների թիմը ԱՄՆ Փրինսթոնի համալսարանից Adobe ընկերության հետ համատեղ ծրագիր է ստեղծել, որն ավտոմատ կերպով ի հայտ է բերում և հեռացնում է լուսանկարից պատահաբար կադրում հայտնված ավելորդ տարրերը: Լուսանկարների խմբագրման համար նախատեսված հարթակը մշակվել է սիրողական լուսանկարչությամբ զբաղվողների համար, որոնք պատրաստ չեն շատ ժամանակ ծախսել իրենց լուսանկարների կատարելագործման վրա: Ավելորդ, ուշադրությունը շեղող տարրերը այժմ կարելի է հեռացնել կոճակի մեկ հպումով:

Նոր ծրագիրը կոչված է կատարելագործելու սիրողական լուսանկարները, որոնք միլիարդներով ամեն օր հայտնվում են համացանցում և որոնց որակը հաճախ ցածր է լինում: Գոյություն ունեցող ծրագրային ապահովումը շատ բարդ է ոչ մասնագետների համար: Նոր ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ավելորդ տարրը հեռացնել կոճակի մեկ սեղմումով:

Հետազոտողները հարցում են անցկացրել կամավորների շրջանում, որոնք զննել են հազարավոր լուսանկարներ և հայտնաբերել ավելորդ տարրերը: Ստացած տեղեկատվությունը գիտնականներն օգտագործել են պատկերից ավելորդ տարրերը հեռացնելու ալգորիթմի ստեղծման համար:

«Մենք ունենք ավտոմեքենայի կոնկրետ դետեկտոր: Մարդիկ հաճախ են ուզում կադրում պատահաբար հայտնված մեքենաները ջնջել: Եթե դեմքը մեծ է և գտնվում է լուսանկարի կենտրոնում, դժվար թե ցանկանաք այն հեռացնել: Բայց եթե դեմքը եզրից է, դա կարող է ավելորդ տարր լինել»: Ծրագրային ապահովման փորձարկումը լավ արդյունքներ տվեց, թեև ինչպես նշում են հետազոտման հեղինակները, երբեմն հեռացվում են նաև կարևոր տարրերը: