ԱԺ-ն հաստատեց. Երևանի էներգախնայող լուսավորությանը $4 մլն-ի վարկ կհատկացվի

ԱԺ-ն հաստատեց. Երևանի էներգախնայող լուսավորությանը $4 մլն-ի վարկ կհատկացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Աժ-ն վավերացրել է ՀՀ –ի և ՎԶԵԲ-ի միջև մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Դրանով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մայրաքաղաքի լուսավորության համար տրամադրելու է $4 մլն–ի վարկ:

Ծրագրի կապիտալ արժեքն է $7 մլն, $2 մլն-ը տրամադրել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և գործընկերության միջազգային հիմնադրամը, մնացածը կտրամադրի ՎԶԵԲ-ի հիմնադրամը:

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրել է Երևանի քաղաքային լուսավորության վարկային ծրագիրը:

Ծրագրի արդյունքում էներգախնայող արտաքին լուսավորություն են խոստանում: Քաղաքում պետք է էներգախնայող լամպեր տեղադրվեն, կառավարման ավտոմատացված համակարգ ստեղծվի 28 փողոցում, գրում է Aravot.am-ը:

Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3-ը՝ արտոնյալ:

ԱԺ նիստում ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել այդ 28 փողոցը և որքա՞ն գումարի խնայողության մասին է խոսքը: Արեյանը պատասխանել է, որ հիմնականում խոշոր փողոցներն են ընտրել, այն փողոցները, որոնք ունեն առավել ծանրաբեռնվածություն մալուխային ցանցի տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, Աճառյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Հերացի, Խանջյան, Չարենց, Նար-Դոս, Լեոյի, Ագաթանգեղոսի, Աբովյան պուրակի, Վարդանանց, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ, Նալբանդյան, Ամիրյան, Իսահակյան, Տերյան, Կորյուն, Թումանյան, Տիգրան Մեծ, Արգիշտի, Մոսկովյան, Սարյան փողոցների մասին է: Վարկային ծրագրի իրականացման արդյունքում, ըստ փոխքաղաքապետի, տարեկան $282 հազաչ կտնտեսվի էլեկտրաէներգիայի ծախսի վրա:

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր»վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի $4 մլն գումարի չափով վարկ:

Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---