Դինքի սպանության գործով թուրք նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել

Դինքի սպանության գործով թուրք նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նոր հանագամանքներ և փաստաթղթեր են ի հայտ եկել:

Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչուն նոր գործընթաց է սկսել, որի շրջանակում 9 պետական նախկին պաշտոնյայի ձերբակալման որոշում է կայացվել, «Ակոս»-ին հղումով գրում է Ermeniahaber.am-ը:

Նրանց նկատմամբ նախատեսվում է առաջադրել «ծրագրված սպանությանը նպաստելու», «պետական փաստաթղթերի կեղծարարության», «պետական փաստաթղթերի ոչնչացման և թաքցնելու» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքներ:

Նրանք են՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության նախկին պաշտոնյաներ Ջոշքուն Չաքարը, Ահմեթ Իլհան Գյուլերը, Ֆարուք Սարըն, Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Յըլմազ Անգըն, Յունուս Յազարը և ոստիկանության աշխատակիցներ Մեհմեթ Այհանն ու Օնուր Քարաքայան: Համապատասխան հրահանգ ստացած Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են ձերբակալությունները:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից որոշներն ավելի վաղ Դինքի դատավարության շրջանակում հարցաքննվել էին որպես վկա, իսկ նոր փաստերի ի հայտ գալուց հետո նրանց ձերբակալման որոշում է կայացվել:

Ավելի վաղ այս գործի շրջանակում ձերբակալվել և բանտարկվել էին Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն և Ֆարուք Սարըն:

Սեպտեմբերի 15-ին Տրապիզոնի հետախուզության բաժնի ղեկավար աշխատած Էնգին Դինչը դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել։ Դինչն իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։

Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով:

2015-ի սկզբին Հրանտ Դինքի սպանության գործով ոստիկաններ էին ձերբակալվել: Հենց նրանք էլ ցուցմուքն էին տվել իրենց նախկին ղեկավար Էնգին Դինչի դեմ։ Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղյակ եղած և այն չկանխած թուրք պաշտոնյաների գործի շրջանակում ձերբակալված ոստիկան Մուհիթթին Զենիթը մեղադրել է իր հրամանատարներին՝ իրեն սպանության կազմակերպիչների հետ զրույցի դրդելու համար։ Հունիսին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ոստիկանության հետախուզական մարմինների հետ համատեղ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, թե Դինքի սպանության հետ կապ ունի «Զուգահեռ կառույցը», որը Թուրքիայում նույնականացվում է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլի ստեղծած շարժման հետ:

Զեկույցի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը վերջերս Դինքի սպանության գործով ձերբակալվել էր: Զեկույցի մեջ մանրամասն ներկայացվում է սպանության նախապատրաստման ընթացքը: Ըստ այդմ` Դինքի սպանությունից 6 տարի առաջ Յըլմազերը հիմնել է «C-5» գաղտնի բյուրո, որը վարել է «զուգահեռ կառույցի» գործերը: Նշվում է, որ այդ խումբը Ergenekon-ի, Balyoz-ի և պետական հեղաշրջմանը միտված նմանատիպ այլ օպերացիաների համար հիմք է նախապատրաստել: «C-5»-ը ծրագրել էր Դինքի սպանությունունից հետո անցնել Ergenekon-ի գործողությունների պատրաստման հաջորդ փուլին, քանի որ բոլորը զբաղված կլինեն նրա սպանությամբ: Յըլմազերը մեղադրվում է « C-5» գաղտնի կառույցը ղեկավարելու մեջ: Նշվում է, որ «Ակոսի» խմբագրապետի սպանությունը հենց այդ կառույցում է ծրագրվել:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---