3 նոյեմբերի 2006 - 12:22 AMT
Իր շահերը կյանքի կոչելիս Ռուսաստանը պետք է որոշակի դեր «վերապահի» նաեւ Հայաստանին
Ռուս-հայկական ռազմավարական դաշինքի իմաստը Հայաստանի համար պետք է կայանա նրանում, որ ընդլայնվեն երկրի հնարավորություններն աշխատանքի միջազգային բաժանման, համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ մուտք գործելու հարցերում եւ իր դերի եւ ֆունկցիայի գիտակցման ու իրագործման հարցերում տարածաշրջանային էներգետիկ նախագծերում: Այդ մասին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը: «Քանի որ Ռուսաստանի համար «էներգետիկ դիվանագիտությունը» տվյալ պատմական պահի համար արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկն է, կարծում եմ, որ իր շահերն իրագործելիս Ռուսաստանը պետք է որոշակի դեր եւ ֆունկցիա վերապահի նաեւ Հայաստանի համար, իսկ Հայաստանն իր հերթին, որպես ռազմավարական դաշնակից ունենալով էներգետիկ գերտերություն, լիովին իրավունք ունի ակնկալել, որ ոչ միայն ըմբռնումով կընկալվեն իր էներգետիկ խնդիրները, այլ նաեւ որ Ռուսաստանը ակտիվորեն կմասնակցի հայկական էներգետիկ շահերի իրագործմանը տարածաշրջանում»,-նշել է նա:

«Առայժմ, ցավոք, նկատվում է միայն Ռուսաստանի դանդաղ ընթացող էներգետիկ էքսպանսիան, իսկ «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացումը «ՀայՌուսգազարդի» հայկական օպերատորի բաժնետիրական կապիտալում բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի միջոցով պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: «Ինձ տրամաբանական է թվում, որ Հայաստանի կառավարությունը, որը մինչ վերը նշված էմիսիան հանդիսանում էր «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսի սեփականատերը, կարող էր իր համաձայնությունը լրացուցիչ էմիսիայի պայմանավորել մի շարք էական հանգամանքներով, որոնք կարող էին նպաստել Հայաստանի վերածմանը լիարժեք խաղացողի տարածաշրջանային էներգետիկ շուկայում, որոնք են` դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների ընդլայնումը նոր բարձրավոլտ ԷՀԳ կառուցման միջոցով, ռազմավարական դաշնակցի քաղաքական եւ տնտեսական աջակցությունը Թուրքիայի տարածքում առկա 400 ՄՎտ հզորությամբ ԷՀԳ-րի գործարկման հարցում, քաղաքական աջակցություն ատոմային էներգիա արտադրելու Հայաստանի իրավունքի պաշտպանման գործում, կողմերի դիրքորոշումների համաձայնեցում իրանական գազի տարանցման հարցում Հայաստանի ռազմավարական շահերի իրագործման հարցում»,-հայտարարել է ՀՀ նախկին վարչապետը: «Ըստ իս, հենց դրանում է կայանում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի իրագործումը, իսկ քանի դեռ դա չկա, ռազմավարական դաշնության «գլխավոր ուղղությունից» ցանկացած շեղման դեպքում հայ քաղաքական գործիչներն ամեն անգամ մանկական պարզամտություն կցուցաբերեն աչքերում, իսկ ռուս քաղաքական գործիչները կանվանեն մեզ «Լեոպոլդ կատուներ»...»,-ամփոփել է Արմեն Դարբինյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՌՀՀ մամլո քարտուղար Ռոման Նադիրյանը: