Մոտ 430.000 եզդի ԻՊ պատճառով փախստական է դարձել

Մոտ 430.000 եզդի ԻՊ պատճառով փախստական է դարձել

PanARMENIAN.Net - 2014-ի օգոստոսից ի վեր Իրաքում և Սիրիայում «Իսալամական պետության» գրոհայինների կտրուկ ակտիվացման հետևանքով փախստական է դարձել մոտ 430.000եզդի: Ըստ Rudaw գործակալության, այդ մասին ասվում է Իրաքյան Քրդստանի Անֆալի զոհերի (քրդերի ոչնչացում Սադդամ Հուսեյնի զորքերի կողմից) նախարարության զեկույցում:

Եզդի փախստականների կեսից ավելին ապաստան է գտել Քրդստանի ճամբարներում:

Եզդիների շրջանում զոհերի թիվը հասնում է 1800-ի, ավելի քան 5000 եզդի կանայք ու երեխաներ ստրկության են վաճառվել: Զեկույցում ասվում է, որ Կոժո գյուղում հայտնաբերվել է սպանված 400 եզդիների եղբայրական գերեզման: ԻՊ-ն նաև քանդել է եզդիների 14 սրբավայր, որոնք հազարամյակների պատմություն ունեին:

Նշվում է նաև, որ 2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել:

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մարտին հրապարակված զեկույցում ասվում էր, որ ԻՊ գրոհայինները ցեղասպանություն են գործում եզդիների հանդեպ: Զեկույցում վկայություններ են բերված խոշտանգումների, սպանությունների, առևանգումների, բռնի դավանափոխության, զինյալների ջոկատներին երեխաների անդամագրման և սեքսուալ ստրկացման մասին: Զեկույցում ասվում է, որ իսլամիստների վերաբերմունքը եզիդների հանդեպ ընկալվում է որպես այդ հնագույն համայնքը վերացնելու ցանկություն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---