3 նոյեմբերի 2006 - 14:14 AMT
Չնայած արգելքին, մոսկվաբնակ ազգայնականներն այնուամենայնիվ մտադիր են ցույցեր անցկացնել
Մոսկվայի պաշտոնյաները երեկ ամբողջ օրն ակտիվորեն քննարկում էին «Ռուսական երթի» կազմակերպիչների մտադրությունը, արգելքին հակառակ անցկացնել այդ միջոցառումը Մոսկվայի մետրոյում: Արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, թույլ չտալու համար ազգայնական ակցիաներ, իսկ հասարակական կարգի խախտողներին խոստացել են խստորեն պատժել: Ի դեպ, ապագա հանրահավաքի նախաձեռնողներին եւ մասնակիցներին այդ սպառնալիքները չվախեցրին եւ նրանք շարունակում էին բացահայտ կերպով քննարկել, թե որտեղ եւ ոնց են հավաքվելու: Ավելին, պարզվեց, որ նոյեմբերի 4-ին, մեկ «ազգայնական միջոցառումից» բացի մայրաքաղաքում կարող է տեղի ունենալ առնվազն երկու նման միջոցառում: Վառ արտահայտված ֆաշիստական եւ սքինհեդների խմբավորումները, որոնց անհանգստացրել է իրավապահ մարմինների չափազանց սեւեռուն ուշադրությունը «Ռուսական երթի» հանդեպ, որոշել են այնտեղ «չերեւալ» եւ գնալ «այլ ճանապարհով»: Ինչպես արդեն հաղորդվել է, անցյալ երեքշաբթի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը արգելեց «Ռուսական երթի» անցկացումը նոյեմբերի 4-ին, որի համար հայտ էին ներկայացրել «Ապօրինի միգրացիայի դեմ շարժման» (ԱՄԴՇ) ներկայացուցիչները: Նրանց մտահղացմամբ, այդ միջոցառումը պետք է դառնար «թշնամիների դեմ ռուս ժողովրդի համերաշխության ցուցադրումը»: Սակայն իշխանությունները մերժեցին, բացատրելով դա «անցյալ տարվա բացասական փորձով, երբ մարդիկ գնում էին շովինիստական կարգախոսներով եւ բացականչություններով»: Այն ժամանակ կազմակերպիչները հայտարարեցին, որ «երթը» քաղաքային փողոցներից տեղափոխվում է մետրո` «Կոմսոմոլսկայա-Կոլցեւայա» կայարան: ԱՄԴՇ ներկայացուցիչների խոսքերով, մասնակիցների հավաքի վայրը պատահաբար չի ընտրվել: «Առաջին հերթին, դա խոշորագույն տրանսպորտային հանգույց է եւ իշխանությունները չեն կարող այն փակել, երկրորդը` իրավապահ մարմինների համար դժվար կլինի աշխատել կառամատույցում: Որոշակի քանակով քաղաքացիներ հավաքելուց հետո, մենք կհայտարարենք, թե որ ուղղությամբ պետք է մեկնենք, որտեղ էլ կկայանա «երթը»,-պատմել է ԱՄԴՇ առաջնորդ Ալեքսանդր Բելովը:

Ի պատասխան, Մոսկվայի ՆԳՊՎ-ն երեկ հաղորդել է, որ մայրաքաղաք կբերվեն միլիցիայի լրացուցիչ ուժեր շրջաններից: «Մայրաքաղաքի իրավապահները երեկվանից աշխատում են ուժեղացված ռեժիմով: Ընդամենը այս օրերին մայրաքաղաքում կլինի 8 հազար միլիցիոներ»,-հայտարարել է աղբյուրը մայրաքաղաքի միլիցիայոմ:
Հաշվի առնելով «Ռուսական երթի» շուրջ բարձրացած աղմուկը, մի շարք ազգայնական կազմակերպություններ հրաժարվել են մասնակցել այդ միջոցառումներին: Վերջին օրերին նման խմբավորումների անդամները քննարկել են նոյեմբերի 4-ի ծրագրերը ինտերնետի իրենց «թեմատիկ» կայք էջերում: Երեկ այնտեղ հաղորդումներ են հայտնվել, որ ֆաշիստներն ու սքինհեդները մետրո չեն գնա, որպեսզի խուսափեն հետեւող տեսախցիկներից, ավելի շուտ նրանք կարող են այցելել ազատականների արտոնված հանրահավաքը Բոլոտնոե հրապարակում: «Այլընտրանքային միջոցառման» կազմակերպիչները կոչ են անում համախոհներին գալ եւ «բացատրել ազատականներին իրենց սխալմունքի ողջ խորությունը»:

Ընդ որում առավել փորձառու նացիոնալ-հայրենասերները կոչ են արել համախոհներին լինել առավել զգույշ եւ միլիցիայի կասկածներից խուսափելու համար խնդրել են հանրահավաքի չգնալ «կազմակերպված ամբոխով», բացականչություններ չանել եւ հասարակ հագնվել, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»: