ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ՀՀ ՊՆ-ում քննարկել է շփման գծում իրավիճակը

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ՀՀ ՊՆ-ում քննարկել է շփման գծում իրավիճակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը:

Անդրիոյի խնդրանքով Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:

Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82 մմ ականանետից (733 արկ), 120 մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---