6 նոյեմբերի 2006 - 13:11 AMT
ANCA. «Ինչու՞ է Հայաստանին պետք Հայոց ցեղասպանությունը մերժող դեսպան»
Հայաստանում դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի հաստատման հարցը դեռ կախված է օդում: Ինչպես հայտնում է Վաշինգթոնում PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հանրության հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանի խոսքերով, դիվանագետը պետք է զգույշ լինի արտահայտություններ կատարելիս, երբ խոսում է այն երկրի մասին, ուր նա ուղղարկվում է որպես դեսպան: «Ինչու՞ է Հայաստանին պետք դեսպան, ով իր երկրի նախագահից հեռու գնաց եւ խոսեց «այսպես կոչված ցեղասպանության» մասին եւ նաեւ համոզված է, որ Օսմանյան կայսրությունում հայերին լավ են վերաբերվել: Ի դեպ, ինքը` ԱՄՆ նախագահը, այնուամենայնիվ, ասում է , որ դա մեծ «ողբերգություն էր»,- նշել է նա` ավելացնելով, որ Իսրայելում դեսպան չէին նշանակի, եթե նա հերքեր Հոլոքոստը: Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտում առկա աղբյուրի կարծիքով, Ռիչարդ Հոգլանդը կհաստատվի Հայաստանում դեսպանի պաշտոնում: «Դա մեր թեկնածուն է եւ նա պետք է հաստատվի: Ճիշտ է, լսումները կվերսկսվեն միայն նոյեմբերի վերջում, մինչեւ չհավաքվի նորընտիր Սենատը, բայց եւ այն ժամանակ ես կարծում եմ, որ խնդիր չի լինի: Վերջիվերջո, նախագահը պարզապես կհաստատի դեսպանին` շրջանցելով Սենատին. այդպիսի դեպքեր եղել են»,- նշել է Վաշինգթոնում առկա աղբյուրը: Նրա խոսքերով, Ջոն Էվանսի գործնեությունը բարձր է գնահատվել Պետդեպարտամենտի կողմից, եւ նախագահն ինքն է որոշում` որքան պետք է աշխատի այս կամ այն դեսպանը: