Հայ դպրոցականները կծրագրավորեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով

Հայ դպրոցականները կծրագրավորեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը։ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, մրցույթի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Վարդանյանը փաստել է, որ մրցույթի շնորհիվ բացահայտվում են հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաները և նոր հնարավորություններ ստեղծվում նրանց հետագա մասնագիտական զարգացման ու, ընդհանրապես, ոլորտի տարածաշրջանային զարգացման համար:

«Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաները իրենց իսկ բնակավայրերում սթարթափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։

«ԴիջիԿոդ» մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանի համոզմամբ, կարևոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում՝ դպրոցականների շրջանում դեպի տեխնոլոգիական ոլորտ հետաքրքրության աճի և, հետագայում, մասնագիտական կողմնորոշման առումով:

«Առաջին արդյունքներն արդեն տեսանելի էին այս տարի ամռանը կայացած մրցույթի առաջին փուլի ընթացքում»,- հավելել է նա։

«ԴիջիԿոդի» շրջանակներում աշակերտներն աշխատում են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին: Ծրագիրը զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակություններրը և այլն:

«ԴիջիԿոդ» մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մրցույթի կայքում` մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

«ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթ առաջին անգամ անցկացվեց 2015թ․ հունիսին և աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց դպրոցականների շրջանում: Ներկայացվել էր շուրջ 250 դիմում, որից միայն 50-ը հաղթահարեցին առաջին փուլը: Մասնակիցներից ընդամենը մեկն էր մայրաքաղաքից, մյուսները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---