Թուրք նախարար. Չենք հրաժարվելու ռուսական գազից

Թուրք նախարար. Չենք հրաժարվելու ռուսական գազից

PanARMENIAN.Net - Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում գործակցության հետ կապված, ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման և ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։

«Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ, գազի մոտ 60%-ը մենք ստանում ենք ՌԴ-ից: Ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե կան ինչ-որ հարցեր, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»,- ասել է նախարարը։

Միաժամանակ նա նշել է, որ եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի Ռիա-Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունները «Թուրքական հոսք» գազատարի հարցում պահպանվում են:

«Քաղաքական պայմանավորվածությունները պահպանվում են։ Նախագահ Էրդողանը, երբ դեռ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում նախագահ Պուտինի հետ մզկիթի բացմանն էր մասնակցում, հաստատել է դա», - ասել է արտգործնախարարը:

Նա պարզաբանել է, որ մինչ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումը համապատասխան որոշում ստորագրելու ենթակա անձինք չկան։

«Կսպասենք ընտրություններին, կսպասենք, թե երբ պետք է ձևավորվի կառավարությունը և պաշտոնյաները ստորագրեն համաձայնությունները»,-ասել է Լավրովը։

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ:

Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Էրդողանը հայտարարեց, որ ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը շոշափում է նաև ՆԱՏՕ-ի շահերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ռազմական օդանավերը պատահաբար չեն հայտնվել Թուրքիայի օդային տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---