Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին

Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի (Բեռլինալե) ժյուրին, հայտնում է The Hollywood Reporter-ը կազմակերպիչների հայտարարության վրա հղումով: Այն տեղի կունենա 2016-ի փետրվարի 11-21-ը:

«Առաջին անգամ իր կարիերայում համաշխարհային կարգի այս աստղը կգլխավորի կինոփառատոնի ժյուրի»,-նշում են կազմակերպիչները:

3 անգամ «Օսկարի» և 8 «Ոսկե գլոբուսի» արժանացած Մերիլ Սթրիփն առաջին անգամ փառատոնային ժյուրի կգլխավորի: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել է Բեռլինալեում, սակայն միշտ որպես մրցույթի մասնակից: 2012-ին Սթրիփը «Ոսկե արջի» է արժանացել կինեմատոգրաֆում նշանակալի ավանդի համար:

«Ես ուրախ եմ վերադառնալ փառատոն ցանկացած կարգավիճակով, սակայն ես առանձնակի անհամբերությամբ եմ սպասում աշխատանքին ժյուրիի կազմում: Այդ պատասխանատվությունն ապշեցնում է, քանի որ ես նախկինում երբեք որևէ բանի նախագահ չեմ եղել, սակայն հուսով եմ, որ ես կկարողանամ համալրել նախորդ տարիների ժյուրիի ականավոր անդամների շարքը: Ես շատ երախտապարտ եմ այս պատվի համար»,-հայտարարել է կինոաստղը:

Սթրիփը ԱՄՆ ամենապահանջված դերասանուհիներից մեկն է: Նա երեք անգամ արժանացել է «Օսկարի» և 19 անգամ ներկայացվել է այդ մրցանակին: Նա նաև 8 «Ոսկե գլոբուսի» է արժանացել և 20 անգամ ներկայացվել է մրցանակի: Սթրիփը նկարահանվել է «Եղնիկների որսորդը», «Քրամերն ընդդեմ Քրամերի», «Սոֆիի ընտրությունը», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը», «Մահը նրան սազական է», «Մեդիսոն շրջանի կամուրջները», «Երկաթե լեդի» և այլ ֆիլմերում:

Նախորդ անգամ Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորել է Դարեն Արոնոֆսկին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---