14 հոկտեմբերի 2015 - 17:32 AMT
Լևոն Ասատրյանը՝ ըմբիշ վետերանների աշխարհի չեմպիոն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հոկտեմբերի 13-ին մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությանը 76 կգ քաշային Լևոն Ասատրյանը դարձել է չեմպիոն, հայտնում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ասատրյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցել է ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ է գտնվել թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարել է պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:

Եզրափակիչ գոտեմարտում Ասատրյանը առավելության է հասել Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ:

Աթենքում մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը անցկացվում է հոկտեմբերի 13-ից 18-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 700 մարզիկ աշխարհի մոտ 40 երկրից: