15 հոկտեմբերի 2015 - 11:27 AMT
Թուրքիայում արգելել են բոլոր տեսակի նյութերի հրապարակումն Անկարայի ահաբեկչության մասին

Անկարայի դատարանն արգելել է տեղեկություններ հրապարակել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, հայտնել է Hurriyet-ը:

Ըստ դատարանի որոշման, արգելքը վերաբերվում է «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, քննադատական և այլ հրապարակումներին մամուլում, ռադիոյում, սոցցանցերում, ԶԼՄ-ների բոլոր տեսակներում և համացանցում»: Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել են բոլոր թուրքական ԶԼՄ-ները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը, հայտնում է Tert.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք:

Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ՆԳՆ-ն որոշում է կայացրել հեռացնել աշխատանքից Անկարայի Անվտանգության վարչության 3 դեպարտամենտների պետերին: Ծառայությունից հեռացվել են Անկարայի գավառի Անվտանգության վարչության պետը, ոստիկանության հետախուզության բաժնի պետն ու անվտանգության բաժնի պետը: Դեռևս տույժը ժամանակավոր է` մինչև քննչական գործողությունների ավարտը: