6 նոյեմբերի 2006 - 17:41 AMT
Լեհաստանը ցանկանում է միջնորդի դեր կատարել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ
Այսօր Հայաստանի Ազգային ժողովում կայացել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեիչի հանդիպումը` Լեհաստանի Սեյմի եւ Սենատի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ հանձնաժողովների, կուսակցությունների եւ խմբավորումներ ներկայացուցիչների մասնակցությամբ: Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պարոն Բորուսեւիչին` Լեհաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով` կարեւորելով այդ զգայուն հարցում լեհերի դրսեւորած ըմբռնումը եւ քայլի նշանակությունը նման ողբերգությունները կանխելու առումով: Վերահաստատելով Հայաստանի ու տարածաշրջանի զարգացումների նկատմամբ Լեհաստանի հետաքրքրվածությունը` պարոն Բորուսեւիչը նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայերն ու լեհերը դեռ Ռեչ պոսպոլիտայի ժամանակներից համագործակցել են: Նա տեղեկացրեց, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը` ներկայացնել Հայաստանի շահերը Թուրքիայում եւ Թուրքիայի շահերը Հայաստանում` նպաստելով երկու երկրների միջեւ կապերի հաստատմանը` փոքր քայլերով հնարավոր դարձնելով փոխըմբռնմանը: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է` մեր երկիրը պատրաստ է երկխոսության` առանց նախապայմանների: Նա նշեց, որ գաղափարը լավն է, բայց դժվար իրագործելի` հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշումները: ՀՀ ԱԺ խոսնակն անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման պայմաններում Եվրամիության անդամակցության ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանդիպման ընթացքում Բոգդան Բորուսեւիչը Տիգրան Թորոսյանին պաշտոնական այցով հրավիրեց Լեհաստան` փոխայցերը գնահատելով իբրեւ լուրջ խթան կապերի ամրապնդման ու կայացման գործում: