Ադրբեջանում ձերբակալել են Ստեփանակերտում դատապարտված դիվերսանտի եղբորը

Ադրբեջանում ձերբակալել են Ստեփանակերտում դատապարտված դիվերսանտի եղբորը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է 2014-ին Քարվաճառի շրջանում ԼՂՀ սահմանն ապօրինի հատած դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներից մեկի` Դիլհամ Ասկերովի եղբայրը` Սահիբ Ասկերովը: Ինչպես գրում է «Մինվալ.ազ»-ը, այդ մասին հայտնել է նրա որդին` Մովլուդը:

Նա հայտնել է, որ իր հայրն անմեղ է, իսկ ձերբակալության պատճառն այն է, որ նա տուն էր կառուցում իր հողամասում: «Մենք տուն էինք կառուցում հողամասում, որի փաստաթղթերն ունենք: Եկան Ապշերոնի շրջանի գործադիր իշխանության Մեհդիբադ ավանի ներկայացուցիչ, տեղական իշխանությունների նախագահն ու մոտ 50 ոստիկան և քանդեցին մեր տունը: Նրանք վիրավորեցին հորս ու տարան նրան»:

Մովլուդ Ասկերովն ասել է, որ տեղական գործադիր մարմնի ներկայացուցիչն ասել է, որ իրենք պետք է մեծ պետտուրք վճարեն, որպեսզի տունը չքանդեն` մոտ 9, 200 մանաթ (մոտ $8,800): Նա ասել է նաև, որ երբ սկսել է նկարահանել ինչպես են քանդում տունը, ոստիկանները կոտրել են նրա հեռախոսը: Ասկերովն ասել է, որ այդ ընթացքում եկածներից մեկն ընկել է, իսկ ոստիկանները ակտ են կազմել, թե իբր իր հայրն է հարվածել ընկածին: «Ես հարցրեցի, թե ինչի հիման վրա են քանդում մեր տունը, որի փաստաթղթերը մենք ունենք: Հետո նրանք կոտրեցին հեռախոսս: Ես մեկ այլ տեսագրություն էլ ունեմ, կինս է նկարահանել: Նա նկարահանել է այն ամենն, ինչ կատարվել է»,-ասել է Մովլուդ Ասկերովը:

2015-ի սեպտեմբերին դիվերսանտ Ասկերովի որդին` Կյուրդօղլու Ասկերովն արտագաղթել էր Ռուսաստան: Ըստ հարազատների, նրան դրդել էին դրան գործազրկությունն ու հուսալքությունը, հայտնում է Panorama.am-ը:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---