Ռոբերթսոն. Ըստ ՄԻԵԴ-ի, պետք է դատապարտել այլատյացություն կամ բռնություն պարունակող ցեղասպանության ժխտումը

Ռոբերթսոն. Ըստ ՄԻԵԴ-ի, պետք է դատապարտել այլատյացություն կամ բռնություն պարունակող ցեղասպանության ժխտումը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության ժխտումը, եթե այն այլատյացություն կամ բռնություն է պարունակում: Այս մասին Ստրասբուրգում ասել է փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ով ներկայացնում էր Հայաստանը ՄԻԵԴ-ում՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման:

Հարցին, թե այսպիսով այս վճիռը խոչընդոտ չի հանդիսանա հետագայում այլ երկրներում ևս Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու համար՝ փաստաբանը պատասխանել է, որ դատարանը հաստատել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության ժխտումը, եթե այն այլատյացություն կամ բռնություն է պարունակում և Շվեյցարիան ստիպված չի լինելու փոխել իր օրենքը, սակայն պետք է այն առավել ուշադրությամբ կիրառել։

Փաստաբանի խոսքերով` այստեղ խնդիրն այն է, թե արդյո՞ք Փերինչեքի դեպքում հայտարարությունները կարող են դիտվել որպես այլատյացություն, բռնության կոչ կամ անհանդուրժողականություն, գրում է Panorama.am-ը:

«Փերինչեքի դեպքում, եթե լինեին այս կետերը, նրա դատապարտումը արդարացված կլիներ։ Շվեյցարիայի դատախազները սխալ էին նրան դատապարտելու համար, քանի որ նա անարժեք պրովոկատոր է և նա արել է անտեղի հայտարարություններ։ Սա հենց պարոն Փերինչեքի արժեք չներկայացնելու փաստն է, որ որոշել են, որ սխալ է նրան դատապարտել», - ասել է Ռոբերթսոնը:

«Վճիռը ուշադիր կարդալու դեպքում կառանձնացնեք, որ, առաջին, այն դուրս է բերում ստորին պալատի վճիռը, որում դատարանը կասկածներ էր հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Վերին պալատը նշեց, որ ինքն իրավունք չունի ընդհանրապես ոչինչ ասելու այդ առումով։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ Եվրոպական այս բարձրագույն դատարանը որոշեց, որ հայ ժողովուրդն ունի իրավունք՝ հարգված լինելու և իրենց տեսակետները ցեղասպանության մասին պետք է պաշտպանվեն։ Ապագայում ոչ մի կասկած չի լինի, որ Եվրոպայում բարձրագույն դատարանն ասում է, որ հայերը պետք է հարգվեն իրենց պատմության համար։ Սա նշանակում է, որ մարդիկ կարող են դատապարտվել ցեղասպանությունը ժխտելու համար՝ որպես այլատյացության ելույթների դեմ պայքարի մաս», - ասել է Ռոբերթսոնը։

Նրա խոսքով՝ վճռում ամենակարևոր հարցը, որ բարձրացվում է, Թուրքիայի սեփական օրենքների լեգալությունն է։ Թուրքիայի քրեական օրենսգրքում ասվում է, որ չպետք է վիրավորել թրքությունը, որի պատճառով Թուրքիայում շատ հայեր, ցեղասպանության թուրք աջակիցներ դատապարտվում էին, որոնցից էր Հրանտ Դինքը։

«Այսպիսով, այս վճռով, Թուրքիայի այս օրենքն այլևս չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիային։ Այս վճիռը կարևոր և մեծ նշանակություն ունի հայերի համար», - նկատել է փաստաբանը:

Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 1 0 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ:

«Ժողովրդավար հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել անհրաժեշտ չէր», - ասվում է որոշման մեջ:

«Անհերքելի է, որ Փերինչեքի պատիժն ու դատապարտումը և Շվեյցարիայի հայկական ասոցիացիային հատուցում վճարելու որոշումը նրա ազատ կամարտահայտման իրավունքի խախտում էր», - նշվում է վճռում:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---