«Նուբարաշենի» ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

«Նուբարաշենի» ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալներն հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընթացք է տրվել դատապարտյալների պահանջներին, ինչի հետևանքով էլ դադարեցրել են հացադուլը, Ղլեչյանը պատասխանել է. «Իրենք որոշել են ու դադարեցրել», գրում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում: Հաջորդ երկու օրերին նրանց միացան ևս 5 դատապարտյալ:

Հոկտեմբերի 15-ին Կառավարության դիմաց էին հավաքվել դատապարտյալների հարազատները և կրկին պահանջում էին գործերի վերանայում: Նրանք նաև եղան նախագահական նստավայրի մոտ և դիմում հանձնեցին:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:

Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---