Նախարարություն. ՀՀ-ն չի հրաժարվի նոր ատոմակայանի կառուցումից

Նախարարություն. ՀՀ-ն չի հրաժարվի նոր ատոմակայանի կառուցումից

PanARMENIAN.Net - Չնայած Կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:

Նոր ԱԷԿ-ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ և այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։

Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։ Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում՝ նաև Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեև երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար:

Ըստ նախարարության՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի և էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը ևս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Դեռևս 2013-ի ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014-ի որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը:

Այս երկու փաստաթղթերը ուղենշային են և անկախ ամեն ինչից, մինչև 2027-ին Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային բլոկ։

Պարզապես ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը ստեղծում է հնարավորություններ մեկ անգամ ևս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի։ Այդ ընթացքում կուսումնասիրվեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան

Ինչպես հայտնի է, ի սկզբանե նախատեսված էր ունենալ մինչև 1000 մեգավատանոց բլոկ։ Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված՝ այժմ նպատակահարմար են համարվում ավելի փոքր հզորությունները։

Խոսքը մինչև 600 մեգավատանոց հզորությամբ բլոկի մասին է։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիների ընթացքում կլինեն նոր և ավելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը:

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի:

Դիտարկվում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանում յուրաքանչյուրը 600 մՎտ հզորությամբ միանգամից երկու միջուկային ռեակտորի կառուցման հնարավորությունը:

Երկու ռեակտորների կառուցումը Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակը ներկայիս 50%-ից կհասցնի 73%-ի: Սակայն այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 2027-ից մինչև 2036-ը հետաձգել պլանավորված նոր էներգաբլոկի շահագործման հանձնումը:

2015-ի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը ՀՀ-ին կտրամադրի մինչև 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ Հայաստանի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---