Պերմյակովի գործով նախաքննությունն ավարտվել է . Նոր մեղադրանք է առաջադրվել

Պերմյակովի գործով նախաքննությունն ավարտվել է . Նոր մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք է առաջադրվել Վալերի Պերմյակովին։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով 2015-ի հունվարի 12-ին իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում:

Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է՝ ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, որոնց հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Հայկական կողմի փորձաքննության՝ հոգեբուժական և հոգեկան վիճակի մասին եզրակացությամբ հաստատվել է՝ Պերմյակովն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ ենթակա է պատասխանատվության: Նրա հոգեկան առողջության փորձաքննություն արդեն կատարել էր ռուսական կողմը: Դրա արդյունքներով Պերմյակովը նույնպես մեղսունակ է ճանաչվել:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ իրենք անհրաժեշտություն են համարել, որ հայկական կողմը նույնպես հոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն անցկացնի, քանի որ ռուսական կողմի փաստաթղթերում կային տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Պերմյակովն ունի լուրջ խնդիրեր, մինչդեռ ներկայացվել է, որ չնայած առկա որոշ հանգամանքներին՝ նա լիովին առողջ անձնավորություն է:

Նախնական քննության տվյալներով՝ Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, NOKIA 302, NOKIA 6300, NOKIA 7260 տեսակի բջջային հեռախոսներ, 6000 դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել:

Այնուհետև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով՝ ժամը 17-ի սահմաններում, գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամիքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015-ի հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Նույն օրը քննիչը մեղադրյալին հայտարարել է նախաքննության ավարտի մասին։

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Կարդացեք նաև՝ Փորձաքննություն. Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, բայց մեղսունակ է

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---