7 նոյեմբերի 2006 - 16:56 AMT
ԵՄ գերագույն հանձնակատարը Ղարաբաղի հարցը քննարկել է Իլհամ Ալիեւի հետ
Բրյուսելում այցով գտնվող նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանայի հետ: Հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիեւը պատմել է բանակցությունների մասին եւ հայտնել է, որ այդ հանդիպումը երկկողմանի կապերի եւ միջազգային հարաբերությունների զարգացման քննարկման համար նոր հնարավորություն կբացի:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է մնում` Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային մաբողջականության շրջանակներում»: «Այդ սկզբունքն իր արտացոլումն է գտել միջազգային իրավական նորմերում: Բացառությամբ Հայաստանի, աշխարհի բոլոր երկրները, միջազգային հանրությունը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի այն բանից հետո, երբ կազատագրվեն Ադրբեջանի օկուպացված հողերը, գաղթականները կվերադարձվեն իրենց հայրենի հողերը եւ կվերականգնվի ադրբեջանական սահմանը», հայտարարել է նա:

Իր հերթին, պատմելով Իլհամ Ալիեւի հետ ունեցած բանակցությունների արդյունքի մասին, Խավյեր Սոլանան հայտարարել է, որ բանակցությունները արդյունավետ են եղել: Նրա խոսքերով, մտքերի փոխանակություն է կատարվել տարածարջանում իրավիճակի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հարցով, Գործողությունների ծրագրի հարցով, որը պետք է ընդունվի Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ` Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաեւ Վրաստանի վերաբերյալ, հայտնում է ԱՊԱ-ն: