Հաստատել է, որ Անկարայի պայթյունի գործով կասկածյալ Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է (թարմացված)

Հաստատել է, որ Անկարայի պայթյունի գործով կասկածյալ Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետաքննության շրջանակում հետախուզվողների թվում նաև ադրբեջանուհի Ուլկեր Մամեդովան է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքովզոհվածների թիվը հասել է 102-ի: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:

Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովն իր հերթին հայտարարել է, որ թուրքական կառավարությունն ոչ մի անգամ չի դիմել Բաքվին Ադրբեջանի քաղաքացիների կամ ադրբեջանական ազգությամբ անձանց վերաբերյալ հարցումով` Թուրքիայում ահաբեկչական գործողությունների առնչությամբ:

Ըստ Զեյնալովի, հյուպատոսության աշխատակիցներից մեկը թուրքական կողմի հետ միասին ստուգում է Մամեդովայի առնչությունն Ադրբեջանի հետ:

«Մենք արդեն հարցում ենք ներկայացրել համապատասխան մարմիններին և պատասխանի ենք սպասում: Մեր հյուպատոսությունն աշխատում է իրավապահ մարմինների հետ համատեղ տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում»,-հայտարարել է Զեյնալովը, հայտնում է Contact.az-ը:

Ավելի ուշ Զեյնալովը պաշտոնապես հաստատել է, որ Անկարայի պայթյունի գործով կասկածյալ Ուլկեր Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է: «Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է, որը երկար տարիներ ապրել է Թուրքիայում: Մեր հետաքննությունը շարունակվում է»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչությունները, ենթադրաբար, 2 մահապատ ահաբեկիչ է կազմակերպել: Իշխանությունները որպես մեղսակից կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների:

Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Անկարայի դատարանն արգելել է տեղեկություններ հրապարակել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը:

Մինչդեռ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին: Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---