17 հոկտեմբերի 2015 - 12:28 AMT
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կարող է չեղարկել հոկտեմբերի 18-ին

Եվրոպական միությունը պատրաստվում է հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ դիվանագիտական ոլորտում աղբյուրների հղումով։

Հաղորդվում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը կարող է ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա վերջին, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների լիարժեք իրագործումը, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ է տալիս երկրի կառավարությանն իրագործել միջնորդ «վեցյակի»՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ ձեռքբերված համաձայնագրի պայմանները։

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է: