17 հոկտեմբերի 2015 - 12:56 AMT
ՌԴ ՊՆ. ԻՊ-ն կարող է օգտագործել Աֆղանստանի տարածքը ԱՊՀ և Չինաստան մտնելու համար

«Իսլամական պետության» գրոհայինները կարող են օգտվել Աֆղանստանի տարածքից ԱՊՀ երկրներ և Չինաստան ներթափանցելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Վերջին շրջանում Աֆղանստանի տարածքում զգալիորեն աճել է «Իսլամական պետության» խմբավորումների ահաբեկչական ակտիվությունը: Աֆղանստանի տարածքն կարող է օգտագործվել ԱՊՀ Կենտրոնական Ասիայի երկրներ և այնուհետ` Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջան `էքսպանսիայի համար»,-ասել է Անտոնովը Սիանգշանի 6-րդ համաժողովում:

Ըստ նրա, ներկայումս Աֆղանստանում մինչև 50 հազար գրոհային կա, որոնք միավորված են ավելի քան 4 հազար ջոկատում և տարբեր ուղղվածության խմբերում:

«Հաշվի առնելով, որ երկրից դուրս են բերվել Անվտանգության աջակցության միջազգային ուժերը, բաց է մնում հարցը` արդյոք Քաբուլն ունակ է ինքնուրույն հակազդելու այդ սպառնալիքին»,-ասել է փոխնախարարը:

Անտոնովը հավելել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս աջակցել Աֆղանստանի կառավարությանը երկկողմ ձևաչափով և ՇՀԿ և ՀԱՊԿ գործընկերների հետ միասին` նպաստելու համար այդ երկրում ազգային հաշտեցմանն ու տնտեսության վերականգնմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված Սիանգշանի 6-րդ համաժողովին: Համաժովը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 18-ը:

Հոկտեմբերի 16-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհուրդի Ղազախստանում կայացած նիստի մասնակիցները պայմանավորվել են ԱՊՀ անդամ երկրների սահմանների համատեղ պաշտպանության մասին` ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում:

Համաժողովի գլխավոր թեմաներից էր իրավիճակն Աֆղանստանում, որը ՌԴ նախագահ Պուտինը ճգնաժամայինին մոտ համարեց:

«Տարբեր տեսակի ահաբեկիչները գնալով ավելի մեծ ազդեցություն են ստանում և չեն թաքցնում հետագա էքսպանսիայի մտադրությունները: Նպատակներից մեկն է` ներխուժել Կենտրոնական Ասիա: Մենք պետք է պատրաստ լինենք համախմբված արձագանքելու համար»,-ասել է Պուտինը:

Ըստ Պուտինի, դրան կնպաստի նաև 2016-2020 թթ. համար նախատեսված սահմանային անվտանգության ամրապնդման ոլորտում համագործակցության նոր ծրագիրը: «Այն նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմավորման հնարավորություն սահմանին առաջացած ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար»,-ասել է ՌԴ նախագահը: