Ադրբեջանական ԶԼՄ-ն հայտնել է ՀՀ ԱԱԾ-ից «տեղեկատվական արտահոսքի» մասին. ԱԱԾ-ն հիմնավորել է լուրի ստահոդությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ն հայտնել է ՀՀ ԱԱԾ-ից «տեղեկատվական արտահոսքի» մասին. ԱԱԾ-ն հիմնավորել է լուրի ստահոդությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական Faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների «տկարամտությունն ու անգրագիտությունը»: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձևակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն):

Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:

ՀՀ ԱԱԾ-ն նշում է, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը:

«Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին: Իսկ այն որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության ղեկավարին, դա արդեն անհեթեթություն է», - գրում է ՀՀ ԱԱԾ-ն՝

Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ՀՀ ԱԱԾ-ն ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ է տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---