Ավիահարվածների արդյունքում Սիրիայում ԻՊ 40 գրոհային է սպանվել

Ավիահարվածների արդյունքում Սիրիայում ԻՊ 40 գրոհային է սպանվել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» անդամ առնվազն 40 ջիհադական է սպանվել սիրիական Համա գավառում ջիհադականների ավտոշարասյանը հասցված ավիահարվածների արդյունքում, հայտնել է Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:

Ըստ իրավապաշտպանների, ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է նաև 16 տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը հայտարարել է, որ տեղեկություններ չունի, թե ով է իրականացրել ավիահարվածը`ռուս զինվորականները թե սիրիական բանակը: Հայտնի է միայն, որ գրոհն իրականացվել է դեռ հոկտեմբերի 17-ին: «Ավիահարվածներ հասցրած ինքնաթիռները չեն պատկանում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիային»,-ասել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ավիահարվածի հետևանքով սպանվել է «Ալ Քայիդայի» բարձրաստիճան դաշտային հրամանատար Սանաֆի ալ Նասրը: Այն մասին, թե որ երկրի ուժերն են դա արել, տեղեկություններ չեն հաղորդվել:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Հոկտեմբերի 16-ին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հայտարարեց, որ Ռուսաստանի ՊՆ-ն Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու նպատակով միասնական ռազմակայան կստեղծի: «Դա մի ռազմակայան կլինի, որը մի քանի բաղադրիչ կունենա` ծովային, օդային, ցամաքային»,-հայտարարել է Կարտապոլովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդակաան ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---