19 հոկտեմբերի 2015 - 12:19 AMT
Victoria's Secret-ի «հրեշտակի» հայաստանյան ֆոտոպատմությունը՝ Vogue-ի էջերին

Նորաձևության և ոճի բնագավառի հեղինակավոր հանդեսներից մեկի` Vogue-ի ռուսական տարբերակի խմբագրությունը Victoria's Secret ընկերության «հրեշտակ» Ստելա Մաքսվելի հետ արշավ է կազմակերպել Հայաստանում:

Vogue Russia-ի թիմը 3 օրվա ընթացքում հազարավոր լուսանկարներ է արել:

Խմբագրությունը դիմել է ամերիկահայ լուսանկարիչ Դևիդ Մուշեղյանին` էթնիկ հագուստներով օրիգինալ ֆոտոշարք անցկացնելու առաջարկով։ Հենց Մուշեղյանն էլ խորհուրդ է տվել մեկնել Հայաստան ու այնտեղ ֆոտոշարք անել։ Իսկ դրա գլխավոր հերոսուհին Ստելա Մաքսվելն է, ով աշխարհի լավագույն մոդելներից է։

Մոդելը՝ Վերնիսաժում

Նշվում է, որ էթնո ոճով ֆոտոշարքն արվել է Երևանի վերնիսաժում, Գառնիում և Գյումրիում, ինչպես նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը։

Ստելան ու Ջիվան Գասպարյանը

Որպես ժամանակակից Հայաստանի «հերոս»՝ ամսագիրը ներկայացնում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, ով մոդելի հետ նկարահանվել է ֆոտոշարքում։

Ձախից՝ Ստելան՝ Լուսիկ Ագուլեցու հետ, աջից՝ մոդելը՝ Գառնիում

Հոդվածի վերջում նշվում է, որ օդանավակայանի ճանապարհին Մաքսվելը խնդրել է կանգնել, ու մի փունջ հայկական դաշտային կակաչներ է քաղել ու տարել հետը։ Նա նշել է, որ կարմիր գույնը Հայաստանում կանացիության խորհրդանիշ է: