20 հոկտեմբերի 2015 - 11:28 AMT
Մոսկվայում կարող է սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացվել. Անկարան դեմ է

Սիրիական Քրդստանի պաշտոնական ներկայացուցչությունը կարող է առաջիկայում բացվել Մոսկվայում: Անկարայում զգուշացրել են, որ դա կվատթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները, գրում է «Կոմերսանտը»:

Ներկայացուցչության բացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ-ում սիրիական Քրդստանի ամենաազդեցիկ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ) պատվիրակության մասնակցությամբ, որը ժամանել է Մոսկվա: Ըստ քրդերի, դա կնպաստի ջանքերի համակարգմանն ԻՊ դեմ պայքարում:

Ռուսաստանում ԺՄԿ լիազոր ներկայացուցիչ Ալի Մուհամմեդ Աբդ Սալամը հայտարարել է, որ ռուսական կողմը դեռ չի քննարկել քրդերի հետ հնարավոր մասնակցությունն ԻՊ դեմ կոալիցիային: «Մենք սատարում ենք ՌԴ բոլոր գործողություններին ԻՊ դեմ պայքարում, սակայն ավելի լավ կլիներ, որպեսզի դրանք ուղղվեին նաև «Ալ Քայիդայի» ստորաբաժանումների` «Ահրար աշ Շամ» և «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ` դրանք նույնքան վտանգավոր են մեզ համար»,-ասել է Աբդ Սալամը, հայտնում է Lenta.ru-ն:

«Մինչդեռ «Կոմերսանտի» թուրքական աղբյուրը զգուշացրել է, որ ներկայացուցչության բացումը կարող է պատասխան կոշտ քայլերի դրդել Անկարային: Աղբյուրը նշել է, որ Թուրքիան դեմ է «ՌԴ և քրդերի միջև փոխգործակցության ցանկացած ամրապնդման»:

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմն անցած շաբաթ հայտարարեց, որ Անկարան մտահոգված է «առանձին պետությունների և սիրիացի քրդերի միջև համագործակցության հնարավորությամբ»: «Մենք քննարկում ենք այդ հարցը ոչ միայն ՌԴ հետ: Եթե աջակցությունը քրդերին շարունակվի, այդ թվում ԱՄՆ կողմից, Թուրքիան անմիջապես կարձագանքի»,-ասել է նա:

ԺՄԿ-ն երբեք չի ներկայացել որպես ՔԱԿ թև, սակայն Թուրքիայի իշխանությունները նախագահ Էրդողանի գլխավորությամբ բազմիցս են մեղադրել նրան Թուրքիայի տարածքում մարտնչող քուրդ զինյալների գաղափարները կիսելու մեջ:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին:

Քրդական ինքնավարության ղեկավարներն իրենց հերթին մեղադրում են Անկարային Սիրիայում իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ:

Մինչդեռ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովն ավելի վաղ հիշեցրել էր, որ «ոչ Ռուսաստանը, ոչ ՄԱԿ ԱԽ-ն չեն համարում, որ ՔԱԿ-ը, կամ ԺՄԿ-ն ահաբեկչական կազմակերպություններ են»: Ընդ որում Մոսկվան սիրիացի քրդերին համարում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ, որոնց հետ ՌԴ իշխանությունները մտադիր են երկխոսություն վարել իրավիճակի կարգավորման շուրջ: «ՔԱԿ հետ ՌԴ-ն շփումներ չունի; Ինչ վերաբերում է շփումներին ԺՄԿ հետ, ապա մեզ նույնիսկ Արևմուտքն է խնդրում կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ»,-հայտարարել էր Կառլովը, ըստ ՌԻԱ Նովոստիի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին և ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին կանչել են Թուրքիայի ԱԳՆ կապված այն ռազմական օգնության հետ, որն, ինչպես կարծում է Անկարան, այդ երկրները տրամադրում են սիրիացի քրդերին: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ապահովում է զենքով քրդերին Իրաքի կառավարության միջոցով: