Արցախի զարգացմանն ուղղված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը ռեկորդային գումար է հավաքել

Արցախի զարգացմանն ուղղված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը ռեկորդային գումար է հավաքել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ ամենամյա դրամահավաքի միջոցառումը:

Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան $700.000 ռեկորդային գումարն ուղղվելու է Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում նշել է, որ հայ ազգն այսօր իր ուրույն ներդրումն ունի ինչպես հայրենիքի, այնպես էլ աշխարհի շատ երկրների զարգացման գործում, իսկ Հայաստանն ու Արցախը մեծ նվաճումներ են արձանագրում ամենատարբեր ոլորտներում:

«Մեծապես կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը` թույլ տվե՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունությունը և մեծ հաջողությունների հասնելու կարողությունը», - նշել է դեսպանը:

Երեկոյին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երեկոյի պատվո հյուրն էր Դադիվանքի, իսկ նախկինում` Գանձասարի հոգևոր հովիվ, տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով իր խոսքում վերհիշեց դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից:

Գործունեության 20 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---