Ալիևը չի շտապում հանդիպել Սարգսյանին. Բաքվում դեռ ԵԱՀԿ ՄԽ այցին են սպասում

Ալիևը չի շտապում հանդիպել Սարգսյանին. Բաքվում դեռ ԵԱՀԿ ՄԽ այցին են սպասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կոստա Ռիկայի ԱԳՆ ղեկավար Մանուել Գոնսալես Սանսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է լրագրողներին ԵԱՀԿ Մինսկի խմբի այցի մասին: Ըստ նրա, համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան, իսկ 28-ին կժամանեն Ադրբեջան:

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին` նա ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան», հայտնում է AZE.az-ը:

Ավելի վաղ Տալլինի Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը որևէ արդյունք չի տա:

Ըստ նրա, առաջիկա հանդիպումից հետո բեկման սպասել պետք չէ: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Ես ոչ մի շանս չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի հնարավոր լինի սկսել վստահություն կառուցել, ինչն ինքնին բարդ ու տևական գործընթաց է»,-ասել է Բրայզան:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:

Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---