20 հոկտեմբերի 2015 - 17:55 AMT
Ամերիկացի պրոֆեսորը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վեպ է գրել

ԱՄՆ Քլիվլենդի պետական համալսարանի նախկին գրականության պրոֆեսոր ծագումով հրեա Դանիել Մելնիկի վերջին վեպը` «Հացենին», նկարագրում է մի քանի տասնամյակ ու սերունդներ ընդգրկող ամերիկահայ ընտանիքի պատմությունը: Թեև գրքի իրադարձությունները սկսվում են 1972-ին Կալիֆորնիայում, հեղինակը արագորեն տեղափոխվում է հետ՝ դեպի 1915-ի Օսմանյան կայսրություն:

Արմեն Արարատը գրքի գլխավոր հերոսն է: Նրա կյանքի շուրջ է կառուցված վեպի առանցքը: Երիտասարդ տարիքում նա ականատես է լինում, թե ինչպես են քսան հայ տղամարդ կախաղան հանվում թուրք ոստիկանների և ժանդարմների հսկողության կողմից: Ապա իրադարձությունները 10 տարով առաջ են տեղափոխվում դեպի Բերկլի՝ Կալիֆորնիա, որտեղ Արմենը ուսանող է և ապրում է տիկին Հակոբյանի` հայ տանտիրուհու հետ: Վերջինիս ամուսինը այն քսան տղամարդկանցից էր, որոնք կախաղան էին հանվել:

71-ամյա Մելնիկը «Հացենին» գրել է իր ընտանիքի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների պատմությունների հիման վրա, որոնց նա հանդիպել է կնոջ` Ջենեթ (Արաքս) Մելնիկի միջոցով, Cleveland.com-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը:

«Հայերը ցրված ազգի փխրուն կարգավիճակ ունեն: Հարյուրավոր մարդիկ վերաբնակեցվեցին այնպիսի տեղերում, որոնք նույնիսկ մտքովդ չէին անցնի, օրինակ Ֆրեզնոյում, – ասում է Մելնիկը՝ նկատի ունենալով կնոջ ծննդավայրը: – Սակայն Ֆրեզնոն ուներ այն հողի առանձնահատկությունները, որը նրանք հետևում էին թողել»: Կենտրոնական Կալիֆորնիան հատկապես ձգում էր հայ հողագործներին իր՝ գրեթե միջերկրածովյան հողի և եղանակի շնորհիվ:

Արմենը գրում է` «Գաղթի ժամանակ ես չեմ կարող մոռանալ»: Ամերիկան այն վայրն էր, որտեղ նա գաղթել էր, սակայն այն նաև նրա ապագա կնոջ՝ Արտեմիսի տունն էր: Երիտասարդ տարիքում Քոնեկթիքուտում ծնված ամերիկահայ աղջիկը երազում էր ամուսնանալ մեկի հետ, ով ԱՄՆ-ում ծնված կլիներ: Նա ցանկանում էր ազատվել 1915-ի ուրվականից:

«Հացենին» պարզապես պատմական կամ քաղաքական վեպ չէ: «Թեև պատմության ամբողջ ընթացքում պատմական իրադարձություններ ու քաղաքական թեմաներ են շոշափվում, ինձ առավել հետաքրքում է, թե ինչպես են մարդիկ դիմակայում լայնածավալ իրադարձություններին», – ասում է Մելնիկը:

Մելնիկը գիրքը հրատարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ՝ ընդգծելու համար հիշողությունն ու պատմությունը: