Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ «Գաբալայի» հետ խաղին

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ «Գաբալայի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ չի մեկնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Armsport-ը:

Օդանավակայանում գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն լրագրողներին ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»:

«Բորուսիան» և «Գաբալան» ընդգրկվել են Եվրոպայի լիգայի խմբային փուլի C խմբում: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը:

Վատցկեն հոկտեմբերի 19-ին նաև ասել է, որ եթե որևէ մեկը նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա, ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, ընկալում է դա որպես հատուկ սադրանք:

«Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանն և Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին», - նշել է նա:

Ադրբեջանական «Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ պետք է չթողեն Մխիթարյանին աչքի ընկնել Բաքվում.

«Թիմի բոլոր ֆուտբոլիստները՝ և՛ տեղացիները, և՛ լեգեոներները, պետք է այնպես անեն, որ Մխիթարյանը գոլ չխփի։ Մենք չպետք է թույլ տանք նրան աչքի ընկնել Բաքվում», - ասել էր նա:

Դեռ սեպտեմբերին Ադրբեջանի և միջազգային մամուլում 3 օր շարունակ քննարկվում էր Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղին տեղի «Գաբալայի» հետ: Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ վերջին 10 տարում Ադրբեջանում անցկացվել է մոտ 300 միջազգային սպորտային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 100 հայ մարզիկ, այդ թվում նաև Հայաստանից: «Մասնակցելով նման մրցումների, յուրաքանչյուր պետություն ելնում է ՈւԵՖԱ-ի ընդհանուր կանոններից: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Աստեղ որպես հիմք է ընդունվում թիմային մոտեցումը, ոչ թե առանձին անհատները: Դրոտմունդի «Բորուսիայի» այցն Ադրբեջանի նույնպես թիմային է, ոչ թե առանձին անհատների այց»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սև ցուցակին», ապա, ըստ Հաջիևի, յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում:

Մինչդեռ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ է ուղեկցվում միջադեպերով` մարզիկներին, Հայաստանի դրոշն ու օրհներգը դիմավորում են սուլոցներով, մարզիկներին և պատվիրակության անդամներին անվտանգության նկատառումներով արգելվում է լքել հյուրանոցը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում անցկացող Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել հավակնորդների մրցաշարին Բաքվում և նամակ հղեց Իլյումժինովին` նշելով, որ ընդունող կողմը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմանները խաղի վրա կենտրոնանալու համար: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը տվեց իր համաձայնությունն Աշխարհի գավաթին մասնակցելու վերաբերյալ, որը կայանալու է 2015-ին Բաքվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---