Տարածաշրջան այցի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կլինեն նաև Ստեփանակերտում

Տարածաշրջան այցի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կլինեն նաև Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Տարածաշրջան այցելության շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն նաև ԼՂՀ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, միջնորնդերը պաշտոնական հանդիպումներ կունենան Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Նա չի բացառել, որ ոչ պաշտոնական ձևաչափով կլինեն հանդիպումներ նաև այլ պաշտոնյաների հետ, հայտնում է Аrtsakhpress-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին, այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցելությունը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:

Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---