22 հոկտեմբերի 2015 - 11:29 AMT
ՌԴ կառավարությունը Պուտինին կներկայացնի ՀՀ հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում նախատեսվում է ստեղծել Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ: Համաձայանգրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը:

ՌԴ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում կքննարկի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միացյալ Հակաօդայինա պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ստորագրմանը ներկայացնելու հարցը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը և պատրաստվում է ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել էր նաև, որ Ռուսաստանն այժմ աշխատում է ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման վրա նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ նմանատաիպ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին:

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան):

Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, հայտնել է razm.info-ն: