22 հոկտեմբերի 2015 - 19:41 AMT
Թուրք իրավապաշտպանները դատապարտել են Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը

Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիան և Հիշողության ու արդարության կենտրոնը դատապարտել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հօգուտ Դողու Փերինչեքի վճիռը:

The Armenian Weekly հաղորդմամբ, կազմակերպությունների տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ դատավճիռը հաշվի չի առնում այն փաստը, որ Թուրքիայի հայկական համայնքը վտանգի մեջ է ապրում: Կազմակերպություններն ընդգծում են, որ դատավռում Փերինչեքի գործը դիտարկվում է բացառապես շվեյցարական իրականության համատեքստում, հաշվի չառնելով դրա ազդեցությունը Թուրքիայի հայ համայնքի վրա:

«ՄԻԵԴ դատավճիռը չի ստիպի հետ կանգնել մեր նախազգուշացումներից առ այն, որ հերքել ցեղասպանության եղելությունը Շվեյցարիայում չի կարելի, քանզի դա դժվարացնում է հայկական համայնքի կյանքը Թուրքիայում», - նշվում է հայտարարությունում:

Իրավապաշտպանները նաև քննադատել են թուրքական մամուլը դատավճիռը սխալ ներկայացնելու համար: Լրատվամիջոցներից շատերը հայտարարեցին, իբր ՄԻԵԴ-ը համաձայնվել է Փերինչեքի այն տեսակետի հետ, որ ցեղասպանություն չի եղել, այնինչ դատարանը Ցեղասպանության եղելության հարցը չէր քննարկում:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ:

«Ժողովրդավար հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել անհրաժեշտ չէր», - ասվում է որոշման մեջ: «Անհերքելի է, որ Փերինչեքի պատիժն ու դատապարտումը և Շվեյցարիայի հայկական ասոցիացիային հատուցում վճարելու որոշումը նրա ազատ կամարտահայտման իրավունքի խախտում էր», - նշվում է վճռում: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից: